AM
5 March 2019 - 09:32 AMT

Չինական «ԱՎԻԿ» հոլդինգը ցանկանում է մասնակցել Հյուսիս-hարավի կառուցմանը

Չինական «ԱՎԻԿ» հոլդինգը ցանկանում է մասնակցություն ունենալ Հյուսիս-Հարավ մայրուղու հարավային հատվածի կառուցմանը: Այդ մասին հայտնել է «ԱՎԻԿ» հոլդինգի պատվիրակության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր ներկայացուցիչ Սին Մենը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը:

Սին Մենը ներկայացրել է ճանապարհաշինության և ենթակառուցվածքների նախագծման ոլորտում հոլդինգի գործունեությունը, ինչպես նաև հետաքրքրության ոլորտները Հայաստանում:

Զրուցակիցները քննարկել են Հյուսիս-hարավ մայրուղու հարավային հատվածի կառուցման հետ կապված հարցեր: Փոխվարչապետը նշել է, որ Հյուսիս-hարավ ծրագրի իրականացումը մնում է Հայաստանի կառավարության առաջնահերթությունների թվում:

Սին Մենն ասել է, որ հաշվի առնելով իրենց ընկերության ունեցած մեծ փորձը ճանապարհաշինության ոլորտում, այդ թվում լեռնային տեղանքում և սեյսմիկ գոտիներում թունելներ և կամուրջներ կառուցելու առումով, ցանկանում են մասնակցություն ունենալ մայրուղու հարավային հատվածի կառուցմանը, ինչպես նաև պատրաստ են այդ նպատակով արտոնյալ պայմաններով չինական վարկային և դրամաշնորհային միջոցներ ներգրավել:

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային քննարկումները վերոնշյալ հարցի շուրջ և ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ենթակառուցվածքային խոշոր ներդրումային ծրագիրը նպատակ ունի միջազգային բարձր չափանիշներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով հանրապետության հարավային և հյուսիսային սահմանները կապել միմյանց հետ՝ կրճատելով ճանապարհի երկարությունը մոտ 85 կմ-ով: Նշված տարածությունն անցնելը տրանսպորտային միջոցների համար ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչև 4.5 ժամ: Ծրագրի իրագործման արդյունքում կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը՝ ապահովելով նաև արևելքից արևմուտք իրականացվող տրանսպորտային շարժի և բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակի իրագործումը, միաժամանակ, զարգացման լուրջ հնարավորություններ ընձեռելով Հայաստանի հարավից հյուսիս ընկած բնակավայրերին: