AM
28 March 2019 - 06:53 AMT

Վարչապետ. «Լիդիանը» դիմում է միջազգային դատարան, թող դիմի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանը վախենալու որևէ բան չունի․ եթե եթե «Լիդիան» ընկերությունը դիմի միջազգային արբիտրաժային դատարան:

Խորհրդարանում շարունակվում է ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումը։

«Եթե վախենալու բան կա, ապա պետք է վախենա հենց դիմողը»,-ասել է նա՝ պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Արթուր Գրիգորյանին, որը հետաքրքրվել է, թե այդ դեպքում ինչ քայլերի կդիմի կառավարությունը:

«Լիդիանը» դիմո՞ւմ է միջազգային դատարան, թող դիմի… Հանրության մեջ, կամ մամուլում, ընկալում կա, թե եթե «Լիդիանը» դիմում է միջազգային դատարան, վերջ, կորանք ազգովի։ Ինչի մենք մեզ այդքան անպաշտպա՞ն ենք զգում, … Միջազգային ակտորներ կան, որ գալիս, մեզ հետ խոսում են, օրինակ, ասում են, թե կդիմենք միջազգային դատարան, և ուշադիր նայում են: Երբ զգում են, որ Հայաստանի ներկայացուցիչը չի ուշաթափվում այդ հեռանկարից, իրենք են ճնշվում …», – ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ «Լիդիանը» սպառնացել էր արբիտրաժ դիմել ՀՀ դեմ հայցով: Իսկ ՀՀ կառավարությունը սկսել է «Ամուլսար Գոլդ» նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության անկախ գնահատումը («երրորդ աուդիտ»): 2018 թվականի սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը հանձնարարել էր գնահատել «Ամուլսար Գոլդ» նախագծի հնարավոր հետևանքները ջրային ռեսուրսների վրա: Այժմ այդ աշխատանքներին կավելանան նաև «Շրջակա միջավայրի և սոցիալական ոլորտի վրա ընկերության ազդեցության գնահատումը» և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը» («ՇՄԱԳ») վերլուծությունները: Գնահատումը կանցկացնի Earth Link Advanced Resources Development ընկերությունը: Ակնկալվում է, որ այն կտևի 12-16 շաբաթ:

Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ 2018-ի հունիսից ի վեր չի կարողացել իրականացնել ոչ միայն շինարարական աշխատանքներ, այլ նաև կառուցել բնապահպանական պաշտպանիչ համակարգեր՝ առատ տեղումների և գարնանային ձնհալքի հետևանքով էրոզիան և մակերևութային ջրերում նստվածքները կառավարելու նպատակով, ընկերության ունեցած պարտավորությունների և թույլտվությունների պայմանների համաձայն։