AM
4 April 2019 - 08:53 AMT

Ցոլակյան. Այս տարի ջրառը Սևանի փոխարեն Արփայից կարվի

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության նիստին հայտարարել է, որ 2019-ին ջրառը Սևանալճի փոխարեն Արփա գետից կիրականացվի:

«Սևանա լիճն այսօրվա դրությամբ 7 սմ-ով պակաս է նախորդ տարվա համեմատ, և դա նորմալ երևույթ է, քանի որ պատճառն այն է, որ անցած տարի կլիման տաք էր և հալքը եղել է, իսկ այս տարի հետո է լինելու: Սևանա լճի մակարդակը 45 սմ մոտավորապես կբարձրանա ջրառից առաջ՝ մինչև հունիս», – նշել է Ցոլակյանը:

Անդրադառնալով Ախուրյանի ջրամբարին՝ նախարարը նշել է, որ ցրտի հետ կապված պակաս է ջուրը, սակայն ջրառից առաջ կլինի 90-95% լցվածություն:

«2018 թվականի համեմատ այս տարին ավելի նպաստավոր է նաև ձյան շերտի տեսանկյունից: Մի խոսքով՝ այն ջրամբարները, որոնք ոռոգման նպատակներով են օգտագործվում, լցված կլինեն 80-90%», – ասել է նա:

Ցոլակյանը նաև հայտնել է, որ հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում ցրտահարություն 99 տոկոսով չի սպասվում: