AM
4 May 2019 - 12:26 AMT

Ամռանը հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ կանցկացվի

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մայիսի 3-ին քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև, հայտնել է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, վրացական պատվիրակությունը՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են տարբեր մակարդակներում պարբերական հանդիպումների և քննարկումների անցկացումը։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների, մասնավորապես՝ տարածաշրջանային անվտանգությանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև՝ հումանիտար ոլորտին վերաբերող հարցերի։

Նշվել է այս տարվա ամռանը հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ անցկացնելու շուրջ ձեռք բերված համաձայնությունը, քննարկվել են նաև նույն ժամանակահատվածում հայ-վրացական գործարար համաժողով անցկացնելու հարցը։ Կողմերը վստահություն են հայտնել, որ այս նախաձեռնությունները նոր հնարավորություններ կստեղծեն երկու երկրի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։