AM
12 August 2002 - 15:18 AMT

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ

Ամերիկացի դիտորդները Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրություններին խախտումներ չեն արձանագրել: Ինչպես Ստեփանակերտում այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ամերիկացի դիտորդների խմբի ղեկավար, ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա Ջեյմս Հուպերը, Լեռնային Ղարաբաղը ցուցադրել է «մեծ առաջընթաց ժողովրդավարական գործընթացների զարգացման ասպարեզում»: Նա նշել է, որ ԼՂՀ իշխանությունները լայնածավալ աշխատանք են կատարել, որպեսզի ընտրությունները լինեն ժողովրդավարական: «Ընտրողները եւ թեկնածուները ժողովրդավարության հաստատման մեծ նվիրվածություն են ցուցաբերել»,- ասել է նա: Ամերիկացի դիտորդի կարծիքով` «ամենակարեւորը, իշխանությունների եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումն է ոչ մի դեպքում թույլ չտալ, որպեսզի պետության հսկողությունն անցնի զինվորական իշխանություններին»: Սակայն, որպես դիտողություն Հուպերը նշել է, որ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ավելի անկախ լինի իշխանություններից: Բացի այդ, նրա կարծիքով, քաղաքական կուսակցությունների մասնակցությունը ընտրատարածքային հանձնաժողովներում որոշ չափով սահմանափակ էր: