AM
12 August 2002 - 14:21 AMT

ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԸ Ի ՎԵՐՋՈ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԵՆ ԱՆԿԱԽ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՎՍՏԱՀ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՓՈՐՁԱԳԵՏԸ

Վերջին հաշվով քաղաքագետները պետք է ճանաչեն գոյություն ունեցող իրականությունը` Լեռնային Ղարաբաղը, որպես անկախ տարածք, կամ էլ ինչպես հանրապետություն, որը հետագայում կմիավորվի Հայաստանին: Այդ մասին «Դե-Ֆակտո» գործակալությանը հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի փորձագետ Վիկտոր Շեյնիսը, որը ԼՂՀ նախագահական ընտրություններին գտնվել է Լեռնային Ղարաբաղում որպես դիտորդ: «Ես գտնում եմ, որ ոչ ոք, բացի Լեռնային Ղարաբաղի ժողովրդից, իրավունք չունի որոշումներ ընդունել նրա անունից` լինի դա Բաքվում, Վաշինգտոնում, թե Մոսկվայում»,- նշել է նա` այդ ընտրությունների հանդեպ բացասաբական վերաբերմունք ցուցաբերած Եվրախորհրդի եւ այլ միջազգային կառույցների հայտարարության կապակցությամբ: «Իմ տեսակետից, Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեցող պայմանները համապատասխանում են 21-րդ դարի սկզբի ժողովրդավարական պատկերացումներին` այստեղ մարդիկ դժվար ռազմական պայմաններում չեն սահմանել ոստիկանական կամ զինվորական ռեժիմ, այլ հաստատուն գնում են դեպի համամարդկային ժողովրդավարական արժեքների ընդունումը, ինչպիսիք են` ազատ ընտրությունները, խոսքի ազատությունը, ընդդիմադրության կողմից թեկնածուներ առաջադրելու հնարավորության ընձեռնումը: Ես կարծում եմ, որ դա շատ կարեւոր է »,- ընդգծել է ռուս քաղաքական գործիչը: