AM
18 Հուլիս 2019 - 08:07 AMT

«Խելացի քաղաք». ՀՀ-ում կանցկացվի միջազգային առաջին Robotex Armenia մրցույթը

Նոյեմբերի 9-ին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԱՏՁՄ) կկազմակերպի Հայաստանում առաջին միջազգային Robotex Armenia մրցույթը, որին կմասնակցեն ինչպես Արմաթ ինժեներական լաբորատորիաները, Robotex միջազգային միավորման անդամ-երկրները, այնպես էլ ոլորտով հետաքրքված անհատներ և ընկերություններ։

ԱՏՁՄ գրասենյակի փոխանցմամբ, այն անցկացվելու է «Խելացի քաղաք» խորագրով:

«Միությունը նպատակ է դրել Հայաստանը դարձնել ավտոմատ ռոբոտների մրցույթների կենտրոն և այդ առումով մեր երկիրը ճանաչելի դարձնելու համար Հայաստան է հրավիրում ոլորտի համաշխարհային մրցույթներ: Այս անգամ, մասնավորապես, դա Robotex մրցույթն է», – նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Մրցույթի նպատակն է խրախուսել ռոբոտաշինության, ծրագրավորման և դիզայնի նկատմամբ հետաքրքրությունը և հանրահռչակումը, ռոբոտաշինության ոլորտի և ճարտարագիտական մտածելակերպի զարգացումը: Միջազգային բարձր կարգի այս մրցույթի հյուրընկալումը մեծ պատասխանատվություն լինելուց բացի նաև մեծ փորձ և ոգևորության աղբյուր կլինի ռոբոտաշինությանը տիրապետող երիտասարդների համար: Այն նշանակալի հարթակ է, որտեղ ռոբոտաշինությամբ և ծրագրավորմամբ զբաղվողները կարող են ներկայացնել իրենց հմտությունները, ունակություններն ու գիտելիքները:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԱՏՁՄ) անդամակցել է Robotex միջազգային միավորմանը: Վերջինս կոնսոլիդացնում է շուրջ 50 երկիր, որոնք գործունեություն են ծավալում ռոբոտաշինության ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Հունաստանը, Էստոնիան, Կոլումբիան և մի շարք այլ երկրներ։