AM
18 July 2019 - 09:03 AMT

933 մլն դրամ՝ Աշտարակ – Թալին ճանապարհի կառուցմանը

ՀՀ կառավարության նիստում որոշվել է 933 մլն դրամ հատկացնել Աշտարակ – Թալին ճանապարհի կառուցմանը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հաղորդմամբ, այժմ ինտենսիվ կերպով ընթանում են Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքները, որոնց համար անհրաժեշտ է ներգրավել հավելյալ ֆինանսական միջոցներ։

Նախարարության հաղորդմամբ՝ հատկացված գումարը նախատեսվել էր դեռևս 2019 թվականի համար ներկայացված բյուջետային հայտով, սակայն հաստատման փուլում նվազեցվել է։

«Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել խնայողությունների հաշվին 2019 թվականի բյուջետային տարվա համար հաստատված ֆինանսական միջոցներում վերաբաշխումներ կատարել, տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հատկացնել գումար», – ասված է որոշման մեջ։