ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնը օգոստոսի 20-ից Շիրակի մարզում իրականացնելու է ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված որոշ գործառնություններ իրականացնող մասնագետների պատրաստում:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, նախապատրաստական դասընթացն անվճար է: Այն տեղի կունենա Գյումրի քաղաքում՝ Հովսեփյան 1 հասցեում:
«Դասընթացին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, ինչպես նաև անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն ունեցող ՀՀ քաղաքացիները: Այն ներառում է ընդհանուր գիտելիքներ մաքսային գործի վերաբերյալ, ինչպես նաև գործնական մաս՝ մաքսային կետ-բաժնում», – ասված է հայտարարության մեջ:
Դասընթացին մասնակցել ցանկացողները պետք է մինչև օգոստոսի 15-ը ՊԵԿ Ուսումնական կենտրոնի էլեկտրոնային փոստին ([email protected]) ուղարկեն ինքնակենսագրական (CV), անձնագրի և դիպլոմի լուսապատճենները (scan):
Լրացուցիչ տեղեկատվության ստանալու համար պետք է զանգահարել 011 801 071 կամ 060 544 988 հեռախոսահամարներին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ավտոմաքսատուն կկառուցվի Գյումրիում: ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստում մաքսատան համար հողատարածք է հատկացվել:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ մաքսատունը գործելու է ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսից: