ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղի (NABU) գործակցությամբ մոտ 250 ֆերմերների, փորձագետների, լաբորատորիաների ղեկավարների, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների համար սեմինար-թրեյնինգ է անցկացվել՝ օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ նոր գիտելիքներ և հմտություններ տրամադրելու նպատակով:
Դասընթացը կազմակերպվել է Բանկի և NABU-ի կողմից համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» ծրագրի շրջանակում՝ Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ:
Թրեյնինգի մասնակիցներn օրգանական գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ նոր գիտելիքներ են ձեռք բերել այնպիսի թեմաների մասին, որոնց կյանքի կոչելը հայաստանյան բազմաթիվ գյուղական համայնքների առօրյայի մի մասը կարող է դառնալ: Մասնավորապես, նրանք նոր գիտելիքներ են ստացել օրգանական մթերքի վերամշակման, փաթեթավորման և պահպանման, օրգանական մեղր, թեյ և խոտաբույսեր արտադրելու նրբությունների ու հեռանկարների մասին:
Ոլորտի մասնագետները հատուկ շեշտադրմամբ ներկայացրել են հետևյալ թեմաները.
- Օրգանական մթերքի վերամշակում,
- Օրգանական մթերքի սերտիֆիկացում,
- Օրգանական մթերքի պահպանում,
- Օրգանական մթերքի փաթեթավորում,
- Վայրի հավաքի և բուսական թեյերի զրոն,
- Օրգանական բուսահումքի մթերման գործընթացը,
- Օրգանական վայրի հավաքի իրականացման հիմնական սկզբունքները,
- Մթերման անձնակազմ,
- Հավաքի ժամանակահատվածի որոշում,
- Հումքի հավաք,
- Թունավորման ախտանիշները,
- Հումքի առաջնային մշակում,
- Օրգանական մեղրի հավաստագրման ստանդարտները,
- Բուժանյութեր, տարածքների ընտրություն, պարագաներ,
- Օրգանական մթերքի շուկայահանում։ Ինչպե՞ս դիվերսիֆիկացնել օրգանական մեղրը,
- Օրգանական մթերքի վաճառք, մարկետինգ:
«Մեր նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելն է, ոլորտի արտադրողներին օժանդակելը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և NABU-ի համատեղ աջակցությամբ օրգանական մթերք արտադրողները նաև հնարավորություն են ստանում ձեռք բերել օրգանական սնունդ արտադրողի հավաստագիր և անհամեմատ մեծացնել արտահանման հեռանկարները: Իսկ այսպիսի սեմինար-թրեյնինգների միջոցով մենք մեր շահառուներին տրամադրում ենք նոր գիտելիքներ, որոնց շնորհիվ նրանք կկարողանան մեծացնել իրենց հմտություններն օրգանական մթերքի արտադրության ոլորտում»,- նշել է NABU-Հայաստանի տնօրեն Նարեկ Գրիգորյանը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և NABU-ի միջև գործակցությունը մեկնարկել է 2015 թվականին՝ «Oրգանական գյուղատնտեսության զարգացում» ծրագրի շրջանակում: