AM
16 Սեպտեմբեր 2019 - 12:08 AMT

Դիզայներները դիզայներների համար. «Ջամփ» դիզայն-կոնֆերանսը Երևանում՝ PicsArt-ի, Google-ի և Mail.ru-ի մասնագետների հետ

Երևանում սեպտեմբերի 15-ին կայացավ Հայաստանի ամենախոշոր դիզայն նախագծերից մեկը՝ «Ջամփ» դիզայն-կոնֆերանսը, որը կազմակերպել էին UCRAFT-ն ու yerevantropics-ը:

Կոնֆերանսի նպատակն էր զարգացնել դիզայնի ոլորտը Հայաստանում և տարածաշրջանում՝ հիմնվելով միջազգային դիզայնի, UX-ի և AI-ի փորձի փոխանակման վրա։ «Ջամփի» ընթացքում ելույթ են ունեցել ոլորտի ներկայացուցիչներ Google-ից, Mail.ru-ից, Farfetch-ից, PicsArt-ից, Studio Dumbar-ից և Device-ից: Բանախոսները ներկայացրել են ժամանակակից դիզայնի զարգացումների մասին իրենց տեսլականը, խոսել ոլորտի արդի խնդիրներից:

Mail.ru Group-ի ստեղծարար տնօրեն Միտյա Օսադչուկի խոսքով՝ նմանատիպ միջոցառումները շատ կարևոր են ոլորտը զարգացնելու համար: Նա նշեց, որ Երևանում գտնվելու ընթացքում հասցրել է շփվել բազմաթիվ մարդկանց հետ, չնայած, որ շփումը հիմնականում մարդկային էր, ոչ թե մասնագիտական, բայց դա ևս շատ կարևոր է, «քանի որ ցանկացած պահի կարող են նոր մտքեր ծնվել»:

«Mail.ru-ի թիմը շատ է կարևորում բիզնեսի և մասնավորապես՝ դիզայնի ոլորտի զարգացումը լսարանի հետ անմիջական շփման միջոցով: Այստեղ կարևորն այն է, որ լսարանը հենց ոլորտի մարդկանցից է բաղկացած, այդպիսի շփումն ավելի պրոդուկտիվ է: Օֆլայն միջացառումներից ավելի շատ բան կարելի է քաղել, քան համացանցում ինչ-որ հարցերի պատասխաններ փնտրելու ընթացքում: Նմանատիպ միջոցառումների ժամանակ կա հնարավորություն ծանոթանալու ոլորտի նեղ մասնագետների հետ, նոր բաներ սովորելու, գործակցություններ հիմնելու», – նշեց Օսադչուկը:

Կոնֆերանսի ընթացքում ելույթները հնչեցին տարբեր լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Քննարկումներ ծավալվեցին դիզայնի, տեխնոլոգիաների և լայֆսթայլի վերաբերյալ, բանախոսները նաև պատասխանեցին բազմաթիվ ներկաների հարցերին:

Ինչպես նշեց Օսադչուկը՝ նման կոնֆերանսների առավելություններից այն է, որ ներկաները երբեմն իմանում են այնպիսի բաներ, որոնց մասին երբևէ չեն լսել և նույնիսկ չեն իմացել, որ կարիք ունեն նման տեղեկատվության: «Ինքս հաճախ եմ մասնակցում նման միջոցառումների: Այսօր խոսել եմ գեներատիվ դիզայնի մասին, ինքս այդ թեմայի մասին պատահաբար լսել եմ մի նմանատիպ կոնֆերանսի ընթացքում, հետաքրքրվել եմ և սկսել խորանալ դրա մեջ», – պատմեց Mail.ru-ի ստեղծարար տնօրենը:

Նրա խոսքով՝ դիզայնի ոլորտն անընդհատ զարգանում է, և այդ ոլորտի մասնագետը ևս անընդհատ պետք է աշխատի իր վրա:

«Դիզայնի մեջ չի կարելի չզարգանալ, այլապես փոփոխությունների գնացքն ուղղակի կանցնի քո վրայով: Այն պահին, երբ դիզայները դադարում է զարգանալ, նա մահանում է որպես դիզայներ», – հավելեց Օսադչուկը:

Միջոցառման ամբողջ հասույթն ուղղվելու է Հայաստանում արվեստի զարգացմանը, մասնավորապես՝ սթրիթ-արտի ակտիվացմանը։ Այդ նպատակով Ucraft պատրաստի վեբկայքերի խանութում՝ Մոսկովյան 28 հասցեում, հասանելի կլինեն համապատասխան ներկեր և հատուկ պարագաներ բոլոր ցանկացողների համար։