AM
26 September 2019 - 12:17 AMT

752 մլն դրամի արտոնություն՝ «Գլորիա» կարի ֆաբրիկային. 200-250 նոր աշխատատեղ կստեղծվի

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկային 752 միլիոն դրամի արտոնություն կտրամադրվի՝ ներմուծման մաքսատուրքից ազատման տեսքով։ Այս մասին որոշվել է Կառավարության՝ սեպտեմբերի 26-ի նիստում:

էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ կարի ֆաբրիկան այժմ ունի 1100 աշխատատեղ։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 200-250 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։

«Գլորիա կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ն Չինաստանից և Թուրքիայից ներմուծելու է 8 միլիարդ 325 միլիոն դրամի ապրանք, ներմուծվող ապրանքները օգտագործվելու են հագուստի արտադրությունում:

Ներդրումային ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 10 մլրդ դրամ, որից 500 մլն դրամի արտադրանքը կիրացվի Հայաստանի տարածքում, 3.5 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 6 մլրդ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում, պատասխանելով Հայաստանում գործազրկության աճի մասին հարցին, վարչապետ Փաշինյանը նշել է, որ կա նաև աշխատողի՝ աշխատաշուկայի պահանջներին չբավավրելու խնդիրը: