«Դոպինգ» ընկերությունը (Doping Creative Agency) հանրությանն ու գործընկերներին ներկայացել է նոր բրենդինգով։
Ընկերության իրականացրած գովազդային արշավները հաճախ են վիրուսային տարածում ստանում համացանցում: Բավական է հիշել հանրահայտ «Կիա իրո՞ք», «Հանգիստ նստեք տեղներդ» գովազդային պաստառները, «Հաշվի, առ», գովազդային արշավի մեկնարկն ու դրան հաջորդած լայն արձագանքը: Այս և մի շարք այլ հանրությանը հայտնի աշխատանքները «Դոպինգ» թիմի ստեղծագործ անհատների մտքի կենտրոնացումն ու թիմային աշխատանքի արդյունք են։

Ամբողջ թիմի ստեղծագործական աշխատանքի արդյունք է նաև նոր բրենդինգը, որը լավագույնս արտահայտում է ընկերության բնավորությունը, ձգտումներն ու համոզմունքները։
Ընկերությունում ասում են՝ «կատարելության և առավելագույն արդյունքի հասնելու ընկերության ձգտումը դոպինգի այն չափաբաժինն է, որն անհրաժեշտ է ամենախիզախ գաղափարներն իրականացնելու համար»։
«Դոպինգը» կարող է առաջ մղել յուրաքանչյուր պրոդուկտ, օգնել գերազանցել սպասելիքներն ու ակնկալիքները։ Հենց այս գաղափարն էլ ամփոփվել է նոր տարբերանշանում և վիզուալ արտահայտվել «i» տառի՝ սովորականից վեր բարձրացված կետում:

Բրենդինգի կարևոր մասնիկներից է նաև նոր կարգախոսը. «Դոպինգում» համոզված են՝ «բավարարը բավարար չէ։ Բավարարը բերում է միջակության, իսկ առավելագույն արդյունքի բերում են առավելագույն ջանքերը»։ Ուստի յուրաքանչյուր նոր գաղափար կյանքի կոչելու համար «Դոպինգը» ներդնում է առավելագույնը՝ համատեղելով բիզնես նպատակներն ու ստեղծարար միտքը։






