AM
28 November 2019 - 09:32 AMT

Փոխվարչապետ. Բանակցում ենք, որ գազի սակագնի խնդրահարույց տատանում չլինի

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է, որ մինչև ապրիլի 1-ը գազի սակագնի բարձրացում չի լինի, իսկ ինչ վերաբերում է ապրիլի 1-ից հետո ընկած ժամանակահատվածին, ապա բանակցություններ են ընթանում

«Բանակցություններն ընթացքի մեջ են: Բանակցում ենք, որ այնպիսի գնային տատանում չլինի, որը լինի բեռ կամ խնդրահարույց՝ թե´ հասարակ սպառողի, թե´ տնտեսության համար»,- ասել է նա, հայտնում է Shantnews.am-ը:

Գրիգորյանն ասել է, որ բանակցությունները եռակողմ են: Խոսելով Իրանից գազ ձեռք բերելու հնարավորության մասին՝ նա նշել է.«Ցանկացած հնարավորություն պետք է գնահատենք, այդ թվում՝ այլ երկրների հետ»:Փոխվարչապետը մասնավորեցրել է, որ Իրանի դեպքում գազի դիմաց էլեկտրաէներգիա է տրամադրվում, իսկ այն մատակարարելու համար պետք է լինի նաև ենթակառուցվածք:

Լրագրողները հիշեցրել են, որ ըստ տնտեսագետների, «մինչև ապրիլի 1-ը գազի սակագնի բարձրացում չի լինի» արտահայտությունն ուղիղ մեսիջ է, որ գազի սակագինը կբարձրանա ապրիլի 1-ից հետո: «Եթե դա լիներ ուղիղ մեսիջ, կասվեր ուղիղ մեսիջով»,- ասել է փոխվարչապետը:

2018-ի դեկտեմբերի 31-ին ավարտվել է գազի գնի վերաբերյալ գործող պայմանագրի ժամկետը, որից հետո ՌԴ-ն բարձրացրել է գազի գինը սահմանին՝ 1000 խմ գազի դիմաց 150 դոլարից մինչև 165 դոլար: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով այդ իրողությանը, ասել է, որ սպառողների համար գազի գինը կմնա նույնը: