Դեկտեմբերի 23-ի դրությամբ, 2019 թվականի պետական բյուջեն գերակատարվել է 89 մլրդ դրամով ($185 մլն):
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա նշանակում է, որ 89 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ է ունեցել ՀՀ-ն՝ 2019թ. բյուջեով կանխատեսված/նախատեսվածի համեմատ:
«Հավաքված գումարից՝ նույն օրվա դրությամբ, 40 մլրդ դրամ ծախսվել է ԱԱՀ ժամկետանց դեբետները մարելու համար, այսինքն՝ փակվել է տնտեսվարողների նկատմամբ նախկինում կուտակված պարտքերը: Այս տարի ԱԱՀ գծով ընդհանուր առմամբ տնտեսությանը վերադարձվել է 150 մլրդ դրամ»,- գրել է Փաշինյանը՝ հավելելով, որ տարվա արդյունքներով պետական բյուջեի գերակատարումն ավելի շատ է լինելու: