Կոսովոյի հարկային տեսչության և IUnetworks ընկերության միջև կնքվել է Կոսովոյում Հարկային կառավարման միասնական համակարգի ներդնման պայմանագիր, որի շրջանակում կարդիականացվի Կոսովոյի հարկային համակարգը՝ վարչակազմի պահանջներին համաձայն։
IUnetworks-ն ընդգրկված է «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս տասնյակից ավելի ՏՏ և հեռահաղորդակցության, վաճառքների և սպասարկման, անշարժ գույքի և շինարարության ոլորտում աշխատող ընկերությունների։
Պայմանագիրը ստորագրվել է Կոսովոյի պետության կողմից հայտարարված մրցույթին մասնակցելու և հաղթելու արդյունքում, որին մասնակցում էին նաև մի շարք եվրոպական երկրներ։ Մրցույթի ամբողջ ընթացքը տևել է 2,5 տարի և անցկացվել 5 փուլով։
Պայմանագրի շրջանակում նախատեսվում է Կոսովոյի հարկային մարմինների համար նախագծել և գործարկել համապարփակ լուծում, որը ներառում է ժամանակակից հարկային վարչարարության պահանջներին և զարգացման տեսլականներին համապատասխանող ծրագրային փաթեթ:
Համակարգը խթանելու է հարկային մարմինների գործառույթների առավել թափանցիկությունը, նվազեցնելու է կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև հնարավորություն է տալու հարկային մարմիններին տրամադրել հարկ վճարողներին բազմաթիվ էլեկտրոնային ծառայություններ, որոնք կօժանդակեն հարկային հաշվետվողականության բարելավմանը: Ծրագիրը մերկնարկել է 2020-ի հունվարի 27-ին և պետք է ավարտին հասցվի 2023-ի հուլիսին։
«Սա ևս մեկ նշանակալի հաղթանակ է մեր ընկերության համար, և ևս մեկ առիթ՝ պարծենալու մեր ընկերության մշակած համակարգով, որը թեժ մրցակցության արդյունքում բերեց հաղթանակ ոչ միայն մեզ, այլև՝ մեր երկրին», – ասել է IUnetworks ընկերության տնօրեն Վահրամ Մերանգուլյանը։
«Գալաքսի» ընկերությունների խումբն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1999-ին։ Այն ավելի քան 3000 աշխատակից ունի, և, ի դեմս կազմում հանդես եկող ընկերությունների, Հայաստանի խոշոր հարկատուներից մեկն է: