Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հրամանագրով կառուցվածքային փոփոխություններ են իրականացվել երկրի ուժային գերատեսչությունների եւ հատուկ ծառայությունների համակարգում: Այսպես, «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, Ռազմական հակահետախուզության ծառայությունը հանձնվել է Ազգային անվտանգության նախարարությանը: Մեկամսյա ժամկետում ԱԱՆ-ն պետք է նախագահին ներկայացնի առաջարկություններ նախարարության կառուցվածքի եւ անձնակազմի մասին: Միեւնույն ժամանակ ԱԱՆ կազմից հանվել է սահմանապահ զորքերի վարչությունը, որի հիման վրա ստեղծվել է Պետական սահմանապահ ծառայություն: Նրա ղեկավար է նշանակվել սահմանապահ զորքերի լուծարված վարչության պետ Էլչին Գուլիեւը: