AM
3 February 2020 - 12:11 AMT

Առաջարկ՝ ՊԵԿ-ից. Բոլոր ՀԿ-ները պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնեն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է, որ հասարակական կազմակերպություններն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնեն գործունեության տարեկան հաշվետվություն, փոխանցում է Factor.am-ը։

«Գործող օրենքով այն ՀԿ-ները, որոնք ֆինանսավորվում էին հանրային միջոցներից, պարտավոր էին ներկայացնել հաշվետվություններ, իսկ նրանք, որոնք ունեին մասնավոր ֆինանսավորման միջոցներ, հաշվետվություն ներկայացնելու պարտավորությունից ազատված էին»,- հայտնել է նախագծի զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

Ըստ նախագծի՝ հաշվետվությունը պետք է ներառի հասարակական կազմակերպության իրականացրած ծրագրերի անվանումը և համառոտ նկարագրությունը, տարեկան մուտքերի ընդհանուր գումարը, հաշվետու տարում կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու տեսակի և դրա արդյունքում ստացված շահույթի օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն:

Ներկայացվող հաշվետվությունը պետք է ներառի նաև կազմակերպության` լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, հեռախոսահամարը, էլփոստը, գործադիր մարմնի ղեկավարի անունը և պաշտոնը, կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան և նպատակները:

Ըստ ՊԵԿ-ի՝ ՀԿ-ները պետք է ներկայացնեն նաև կազմակերպության անդամների (նաև շաբաթական 20 ժամ աշխատող կամավորների) թիվը, հաշվետու տարվա ընթացքում իրականացված նիստերի քանակը, ծրագրերի անվանումը: