Տնտեսության մրցակցության պաշտպանության պետհանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վարչական վարույթ է հարուցել «Ալեքս Հոլդինգ», «Սիթի», «Նոր Զովք»,,«Ալեքս էնդ Հոլդինգ», «Սաս Գրուպ», «Արմեն-Համիկ Հ/Ձ», «Էվրիկա Գրուպ» և «Մաջիդ Ալ Ֆութաիմ հայփերմարքեթս էյ-էմ» ընկերությունների հանդեպ:
Հանձնաժողովը շաքարավազի շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում մի շարք տնտեսվարողների գնային քաղաքականությունը, ինչպես նաև շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը, հնարավոր է, խախտել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը:
Մասնավորապես՝ տնտեսվարողները կարող են չարաշահել գերիշխող դիրքը և (կամ) հակամրցակցային համաձայնության գալ (չհիմնավորված կամ խտրական գների սահմանման և կիրառման, գների չհիմնավորված փոփոխությունների կամ պահպանման և այլն):
Հակամրցակցային համաձայնություններ են համարվում տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված այն գործարքները, նրանց համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, տնտեսվարող սուբյեկտների միավորումների ընդունած որոշումները, որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը: