AM
7 February 2020 - 13:44 AMT

Ավելի քան 21 մլն եվրո՝ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացմանը

Մեղրիի սահմանային անցակետի արդիականացմանն ու ընդլայնմանը 21,146,263 եվրո կհատկացվի: Այդ նպատակով Ֆինանսների նախարարությունն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր են ստորագրել:

Անցակետի արդիականացման և ընդլայնման ընդհանուր ծրագրի շրջանակում հատկացումների կեսից ավելին` 10,520,000 և 700,000 եվրոն, հատկացվելու են դրամաշնորհային միջոցներից: Այդ միջոցները Հայաստանին կտրամադրի Եվրամիությունը՝ Եվրոպական հարևանության գործիքի ներքո:

Մեղրիի անցակետի վերակառուցումն ու արդիականացումը ֆինանսավորելու նպատակով ՀՀ ու ՎԶԵԲ-ի միջև համաձայնագիր ստորագրելու մտադրության մասին հայտարարվել էր 2019-ի դեկտեմբերին:

Արդիականացումը պայմանավորված է տարեցտարի անցակետով մարդկանց և ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների հոսքերի աճով: Ծրագրի իրագործումը կնպաստի «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը և կխթանի տարանցիկ փոխադրումները: