AM
2 March 2020 - 13:25 AMT

ՏՄՊՊՀ. Շաքարի ու ալյուրի ծավալը շատ է, ավելի քան 1 տարի կբավականացնի

Կորոնավիրուսի վարակման առաջին դեպքից հետո քաղաքացիները խուճապահար գնումներ են անում խանութներից, սակայն դրա անհրաժեշտությունը չկա, հայտնել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, փոխանցում է Factor.am-ը:

«Դրա անհրաժեշտությունը չկա: Օրինակ՝ շաքարի ծավալն այնքան շատ է, որ կբավականացնի ավելի քան մեկ տարի, ունենք նաև տեղական արտադրություն, պահեստներում էլ շատ մեծ քանակի կա: Նույնն ալյուրի մասին կարող ենք ասել: Նման ծավալի անտեղի գնումների կարիք չկա, որևէ ապրանքի գծով անհնագստացնող երևույթ չկա»,- հայտարարել է Գևորգյանը՝ հավելելով, որ խոշոր տնտեսվարողները գները չեն բարձրացնում:

Անդրադառնալով Իրանից ներկրվող ապրանքներին՝ Գևորգյանը նշել է, որ այդ երկրից չկա այն ծավալով ներկրվող ապրանք, որը շուկայում կարող է դեֆիցիտ կամ խոչընդոտ առաջացնել:

ՀՀ-ում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվելուց հետո խոսվում էր խանութներում առաջին անհրաժեշտության սննդամթերքի և որոշ ապրանքների բացակայության մասին: ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ նման իրավիճակ էր ստեղծվել նաև ալկոգելերի շուկայում, սակայն առաջիկա օրերի ընթացքում դրանց քանակը կվերականգնվի: