Վրաստանի կառավարության որոշմամբ՝ մարտի 2-ին փոխվել է կորոնավիորուսի պայքարի ռազմավարության պլանի սկզբունքներից մեկը՝ վիրուսի բարձր ռիսկայնության գոտի հանդիսացող երկրներից տրանզիտ բեռնափոխադրումներ իրականացնելու մասով:
Այս մասին PanARMENIAN.Net-ին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ հղում անելով Վրաստանի կառավարությանը: Նա նշեց նաև, որ որոշման ուժի մեջ մտնելու ժամկետների մասին դեռ հայտնի չէ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանից Հայաստանի տարածքով դեպի Վրաստան բեռնափոխադրումներ իրականացնող մի շարք ընկերությունների մոտ 60 բեռնատարի թույլ չի տրվում մուտք գործել Վրաստան: Այդ երկիրը կորոնավիրուսի պատճառով արգելել էր Իրանից ապրանքների մուտքը: Գործար Վահրամ Միրաքյանի խոսքով՝ նման արգելքը շուկայում կարող էր խնդիրներ առաջացնել:
Ըստ նոր փոփոխության՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից վիրուսի բարձր ռիսկայնություն ունեցող տարածքներ ճանաչված երկրներից բեռնափոխադրումը տրանզիտ երկրով իրականացնել հնարավոր է, եթե մեքենաների վարորդները չլինեն ռիսկային համարվող երկրից:
Նշվում է, որ բեռը Վրաստան կմտնի մաքսային ծառայությունում տրանսպորտային միջոցի համապատասխան ամբողջական ախտահանումից հետո, իսկ օտարերկրացի վարորդը կարող է հետ վերադառնալ կամ ըստ անհրաժեշտության՝ տեղափոխվել բուժհաստատություն:
ՀՀ կառավարության մարտի 3-ի որոշմամբ նախատեսվում է սահմանափակել Իրանի հետ հաղորդակցությունը (մինչև մարտի 24-ը ներառյալ):
Նույն որոշմամաբ նախատեսվում է նաև ԻԻՀ-ից Հայաստան մուտք գործած բեռնափոխադրումներ իրականացնողների (ՀՀ քաղաքացի չհանդիսացող վարորդների) վերադարձ Իրան: