AM
4 March 2020 - 11:41 AMT

ՏԶՆԿ. Իրանի հետ բեռնափոխադրումների սահմանափակումը ՀՀ վրա զգալի չի ազդի

Մինչև մարտի 24-ն Իրանի հետ բեռնափոխադրումների սահմանափակումը ՀՀ տնտեսության վրա զգալի ազդեցություն չի ունենա, իսկ ուղևորափոխադրումների սահմանափակումը զբոսաշրջության ոլորտի միջոցով կազդի տնտեսական մի շարք ոլորտների վրա՝ կացության և հանրային սննդի կազմակերպման և այլն: Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը (ՏԶՆԿ)՝ վերլուծելով կորոնավիրուսի պատճառով Իրանի հետ սահմանին ստեղծված իրավիճակը, նշել է, որ դա կարող է դանդաղեցնել տնտեսական աճի տեմպը:

2019-ին ՀՀ և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է $408.8 մլն, ինչը 2018-ի համեմատ 12.4% աճ էր: Իրանի հետ ապրանքների առևտրաշրջանառությունը 2019-ին ՀՀ առևտրաշրջանառության ընդամենը 5%-ն էր:

2019-ին ՀՀ-ն հիմնականում Իրան է արտահանել Էլեկտրաէներգիա (արտահանման ծավալների 75%), ոչխարի կամ այծի թարմ միս (10%) և Էլեկտրական կուտակիչի թափոն (4%): Ներմուծել է հիմնականում բնական և հեղուկ գազ (ներմուծման ծավալների 20%), նավթ և նավթամթերք (10%), ցեմենտ (8%):

Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքով իրանական միրգ և բանջարեղենի տեղափոխման արգելանքին, ապա եթե այդ ապրանքները չվերաարտահանվեն ՌԴ, ապա իրացվելու են հայկական շուկայում՝ մրցակցություն առաջացնելով տեղական և իրանական ապրանքների միջև: ՀՀ սպառողն ընտրության դեպքում կարող է ընտրել ավելի էժանը, ինչը կհանգեցնի գյուղաբնակ տնային տնտեսությունների եկամուտների կրճատմանը:

Այսպիսով՝ Իրանի հետ բեռնափոխադրման վրա սահմանափակումը ՀՀ տնտեսության վրա զգալի ազդեցություն չի ունենա, ուղևորափոխադրումը կդանդաղեցնի տնտեսական աճի տեմպը հատկապես 2020-ի առաջին եռամսյակում, իսկ Վրաստանի տարածքով իրանական ծագման ապրանքների վրա արգելանքը կհանգեցնի հայկական գյուղմթերքի շուկայում գների իջեցմանը և գյուղաբնակ տնային տնտեսությունների եկամուտների կրճատմանը:

Ըստ ՀՀ կառավարության որոշման՝ Իրանի հետ հաղորդակցության ժամանակավոր սահմանափակումը երկարացվել է մինչև մարտի 24-ը, ինչը նաև տարածվելու է բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վրա: Իսկ իրանական ծագման միրգ և բանջարեղենի վերաարտահանումը ՌԴ Վրաստանի տարածքով անվտանգությունից ելնելով ժամանակավորապես վրացական կողմը դադարեցրել է: