Վրացական կողմն աշխատանքներ է տանում, որ մինչև մարտի 5-ի օրվա ավարտ Հայաստանից բեռնատարների անցումը դեպի այդ երկիր ապահովված լինի, Կառավարության նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Ավելի վաղ հայ գործարարները մտահոգություն էին հայտնել, որ կորոնավիորուսի պատճառով վրացական կողմն արգելում է Իրանից ապրանքների մուտքն իր երկրի տարածք, իսկ իրենք չեն կարողանում ապրանք արտահանել Ռուսաստան: Գործարար Վահրամ Միրաքայնը հայտնել էր, որ մի շարք ընկերությունների մոտ 60 բեռնատարի թույլ չի տրվում մուտք գործել Վրաստան:
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ կուտակված մեքենաների քանակն այնքան չէ, որքան նախնական տեղեկությունն էր։
«Մոտ 20-30 մեքենա է, որոնք օրվա ընթացքում զննում կանցնեն ու կհասնեն դեպի Լարս», – ասել է նա:
Մարտի 4-ին ԱԳՆ-ից հայտնել էին, որ Վրաստանի կառավարության որոշմամբ փոխվել է կորոնավիորուսի պայքարի ռազմավարության պլանի սկզբունքներից մեկը՝ վիրուսի բարձր ռիսկայնության գոտի հանդիսացող երկրներից տրանզիտ բեռնափոխադրումներ իրականացնելու մասով: Այդ երկրներից բեռնափոխադրումը տրանզիտ երկրով իրականացնել հնարավոր է, եթե մեքենաների վարորդները չլինեն ռիսկային համարվող երկրից:
Կարդացեք նաև. Իրանից ՌԴ ապրանք արտահանող հայերին թույլ կտան Վրաստանի տարածքով տրանզիտը