Պետական եկամուտների կոմիտեն մաքսային ձևակերպում չունեցող մոտ 12 տոննա շարժիչային յուղ է հայտնաբերել: Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ բեռնատարով, առանց մաքսային ձևակերպման, կազմակերպվում է Վրաստանից Հայաստան մեծ քանակությամբ մեքենայի շարժիչի յուղի ներմուծում։
Պարզվել է, որ քաղաքացի Ա․Տ.-ի վարած բեռնատարը՝ գտնվելով օպերատիվ վերահսկողության ներքո, փետրվարի 26-ին մուտք է գործել ՊԵԿ Բագրատաշենի մաքսային բաժնի տարածք, կշռվել ու կայանվել մաքսային հսկողության գոտում։ 3 օր անց բեռնատարը, առանց մաքսային ձևակերպումների, անարգել դուրս է եկել մաքսայինից, ուղևորվել Տավուշի Այրում քաղաք, որտեղ հետագա շարժը կանխվել է ՊԵԿ կողմից:
Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Մեքենայի բեռնախցիկի խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 12 տ շարժիչային և կոմպրեսորային յուղ։
Միաժամանակ, վարորդի խցում գտնվող թաքստոցից մոտ 130 տուփ դեղամիջոց է գտնվել։ Բեռնատարը և ապրանքներն առգրավվել են։
Կատարվում է հետաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայում ներգրավված անձանց շրջանակը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։