Կառավարությունը հայերնադարձվող հայերի համար բարենպաստ պայմաններ է ստեղծում իրենց անձնական գույքն առանց մաքսատուրքի Հայաստան ներմուծելու համար, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ մինչ օրս հայրենադարձերի համար գույքի միայն որոշակի չափաքանակ կար, որ հնարավոր էր առանց մաքսատուրքի երկիր ներմուծել:
«Նախկին կարգավորումներում հիմնական խոչընդոտն այն էր, որ անձը վերջին հինգ տարվա ընթացքում, յուրաքանչյուր տարվա 180 և ավելի օր պետք է ՀՀ-ում գտնված չլիներ, որպեսզի այդ արտոնությունը կիրառվեր: Հետևաբար, այնպիսի պայման էր առաջադրված, որ մաքսատուրքից ազատման արտոնությունը քիչ դեպքերում կարող էր կիրառվել: Մենք այժմ ավելի լավ սահմանում ենք տվել «անձնական օգտագործման ապրանքներ» հասկացությանը, որպեսզի դրա շրջանակում անձն ազատվի մաքսատուրքից»,- ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Նա նշել է, որ նոր կարգավորմամբ առաջարկվում է փոխել 5 տարվա նորմը. արտոնությունը կկիրառվի այն դեպքում, երբ 1825 օրվա ընթացքում անձը 915 օր չի գտնվել Հայաստանում:
«Այսինքն՝ ոչ թե յուրաքանչյուր տարի, այլ 5 տարվա կտրվածքով պետք է հաշվենք, թե անձը քանի օր չի գտնվել ՀՀ-ում: Ընդ որում՝ ոչ թե հաջորդական օրերի մասին է խոսքը, այլ՝ կամայական»,- ասել է Անանյանը:
ՊԵԿ նախագահը նշել է նաև, որ արտոնությունը կիրառվում է կենցաղային և անձնական օգտագործման սարքերի դեպքում՝ յուրաքանչյուր տեսակից 3 հատ: Ընդ որում, սա վերաբերում է արտոնություն ստացած յուրաքանչյուր անձի:
Անանյանը բացատրել է, որ եթե 3 հոգուց բաղկացած ընտանիքով են գալիս Հայաստան և երեքն էլ ստացել են կարգավիճակ, որը փաստաթղթավորվելու է ոստիկանությունում, ապա երեքն էլ ստանում են այդ արտոնությունը:
Միայն ավտոմեքենայի դեպքում կարգն այլ է՝ յուրաքանչյուրը կարող է ներկրել մեկ մեքենա:
Նույն կարգավորումը, ըստ Անանյանի, գործելու է նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց նկատամամբ, սակայն այն բանից հետո, երբ նա Հայաստանում ստանա որևէ կարգավիճակ՝ լինի դա հատուկ կարգավիճակ, կացության կարգավիճակ թե այլ: