Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ԱԺ-ում հայտարարել է, որ սիգի որսը Սևանում կթույլատրվի: Նա նշել է, որ 2019-ին ԳԱԱ-ն Սևանում հաշվարկել էր 750 տոննա սիգի արդյունագործական ծավալ, 2020-ին՝ 700։ Ըստ նախարարի՝ Սևանի սիգի ընդհանուր պաշարը 3000 տ է և նախատեսվում է թույլատրել 250 տոննայի որս։
«Առաջիկայում եթե տեսնեք, որ սիգ է վաճառվում, ապա այն կլինի օրինական որսված, բնօգտագործման վճարը վճարած ձկնորսի կողմից որսված ձուկ։ Այն ավելի թանկ կլինի, քանի որ բնական էկոհամակարգում, բնական կերով սնված ձուկը չի կարող արհեստական բուծված ձկից էժան լինել»,- ասել է նախարարը, տեղեկացնում է Panorama.am-ը:
«Չկա որհէ հիմք և մեխանիզմ սիգի որսի կանոնակարգման ձգձգման համար։ Մենք պետք է չթողնենք մանրաձուկը բռնեն, ձվադրման ժամանակ որս կատարեն։ Մյուս ժամանակահատվածում պետք է կանոնակարգված ձևով որս արվի»,- ասել է նա:
Նախարարը հույս է հայտնել, որ 2020-ին ամբողջությամբ կընդունվի փաթեթը, և ինչպես անտառների դեպքում ենակնհայտ դրական փոփոխությունները, սիգի դեպքում նույնպես կլինեն:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` «ՀՀ ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու մասին» ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2014-2019-ի հրամաններում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակներ չեն սահմանվել, ինչպես նաև սիգի սիրողական որսի և ձկնորսության պայմանագրեր չեն կնքվել, ինչը նշանակում է, որ ՀՀ տարածքում այս ձկնատեսակի որսն առհասարակ եղել է արգելված: