ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով կորոնավիրուսի պատճառով մարտի 13-ից կարգելվեն ԵՄ երկրներից բոլոր չվերթերը դեպի Նահանգներ, փոխանցում է «Վեդոմոստին»:
Հեռուստատեսային ուղերձում նա հայտնել է, որ 30 օրով եվրոպական 26 երկրից թռիչքները կդադարեցվեն:
Թրամփը նաև մեղադրել է Եվրամիության ղեկավարությանն այն բանի համար, որ նրանք չեն կարողացել կանխել վիրուսի տարածումը, ինչպես դա արել է ԱՄՆ-ն:
Նրա խոսքով՝ «ուժեղ, բայց անհրաժեշտ» սահմանափակումները չեն տարածվի Մեծ Բրիտանիայի վրա, որտեղ առայժմ 460 վարակակիր կա: Բացի այդ, երկիր կարող են վերադառնալ նաև ԱՄՆ քաղաքացիները՝ կորոնավիրուսի թեստ հանձնելուց հետո միայն:
«Համոզված եմ, որ նման կոշտ միջոցառումներով մենք էականորեն կկրճատենք մեր քաղաքացիներին սպառնացող վտանգը և, ի վերջո, կհաղթենք այդ վիրուսին»,- հայտարարել է նա:
ԱՄՆ-ում այս պահին վիրուսի 1300-ից ավելի հաստատված դեպք կա, մահացել է 38 մարդ: Մարտի 12-ի դրությամբ՝ Իտալիան շարունակում է ամբողջ Եվրոպայում ունենալ կորոնավիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշը. վարակակիրների թիվն անցել է 12,000-ը, մահացել է մոտ 827 մարդ: