Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության կոմիտեում ստեղծվել է շուրջօրյա աշխատանքային խումբ՝ գների և պաշարների մոնիտորինգ իրականացնելու համար, ալկոգելի վաճառք իրականացնող 2 տնտեսվարողի դեմ վարույթ է հարուցվել, հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
Նա նշել է, որ գների մոնիտորինգ իրականացվում է վաճառքի խոշոր կետերում (նաև մարզերում), իսկ մեկ-երկու օրվա ընթացքում արդեն օնլայն կկարողանան հետևել վաճառքի տվյալներին:
Մոնիտորինգի են ենթարկվում նաև ՀՀ տնտեսվարող սուբյեկտների մոտ առկա պաշարները, դրանց պակաս ՀՀ-ն չունի: Գևորգյանի խոսքով՝ ՀՀ-ում ալյուրի ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, պանրի, թթվասերի և մի շարք այլ ապրանքների խնդիր չկա:
Նա հայտնել է, որ երկրում վերջին օրերին ամենաշատը գնվել է նպարեղենը, սակայն այժմ ճանապարհին նոր բեռ կա, պաշարներ կան նաև պահեստներում:
Գևոոգյանը հորդորել է քաղաքացիներին գնումներ կատարելիս մնալ խելամիտ սահմաներում և հիշել, որ այդ ապրանքներն ունեն ժամկետներ: ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ չկա նաև ապրանքների գնումը սահմանափակելու անհրաժեշտություն:
Անդրադառնալով սպիրտի գնի բարձրացման մասին լուրերին, նա նշել է, որ այդ հրապարակումների աղբյուրն իրենք մինչ այժմ չեն ստացել, իսկ ապրանքի որոշակի թանկացում արձանագրվել է՝ կապված դոլարի արժույթի տատանման հետ:
«Մենք չենք բացառում, որ կգտնվեն տնտեսվարող սուբյեկտներ, որոնք գները մի փոքր կբարձրացնեն: Բայց հիմնականում վերահսկում ենք խոշոր խաղացողներին, որոնք հիմնականում վերահսկում են սպառման գերակշիռ մասը: Բոլոր խախտումների հետ կապված գործերի նյութերը հավաքագրվում են մեզ մոտ և անխուսափելի պատասխանատվության ենք ենթարկելու: Բոլոր նյութերը հավաքում ենք և այսօր արդեն երկու վարույթ ենք հարուցել՝ կապված ալկոգելերի հետ»,- ասել է Գևորգյանը:
ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ իրենք հայտնաբերում և պատասխանատվության են ենթարկում նաև անձանց ովքեր տարբեր օնլայն հարթակներում զբաղվում են ձեռնարկատիրույթամբ՝ սահմանելով բարձր գներ: Գևորգյանը նշել է, որ ՀՀ-ում ալկոգել արտադրող բոլոր ընկերությունների հետ ամենօրյա կապի մեջ են, նրանք գները չեն բարձրացնում, առևտրի խոշոր ցանցերում ևս ալկոգելի գինը չի բարձրացել: Չի թանկացել նաև ախտահանիչ նյութերի համար նախատեսված սպիրտը:
ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ շուկայում, ինչպես և ամբողջ աշխարհում, թանկացել են դիմակները, սակայն դրանց ձեռքբերման համար կապի մեջ են չինաստանցի արտադրողների հետ, մարտի 16-ի դրությամբ մեծածախ գնման առաջարկ կար 84 դրամով:
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Կադացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից