Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության բացած գանձապետական հաշվին ստացված միջոցների օգտագործման ուղղություններն ընդլայնվել են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Որոշումը կայացվել է` ընդառաջելով քաղաքացիներից և կազմակերպություններից ստացվող բազմաթիվ առաջարկություններին։ Միջոցները կօգտագործվեն հետևյալ ուղղություններով․
Առողջապահական կարիքների համար՝
• բժշկական անձնակազմի խրախուսում,
• բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերում,
• բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավում,
Սոցիալական կարիքների համար՝
• Բնակչության սոցիալապես անապահով, տեղաշարժման դժվարություններ ունեցող, ռիսկի խմբում գտնվող անձանց (ընտանիքներին) մթերքով, անհատական պաշտպանության և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովում,
• Օժանդակող կամավոր խմբերին անհրաժեշտ պարագաներով ապահովում և աշխատանքների կազմակերպում,
• Տրանսպորտային փոխադրումների կազմակերպում:
Պարբերաբար հանրությունը կտեղեկացվի ստացված միջոցների ծավալի և դրանց օգտագործման ուղղությունների վերաբերյալ:
Փոխանցում կատարելիս հարկավոր է նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին» և ցանկության դեպքում նաև նշել այն ուղղությունը, որով ցանկանում եք, որ միջոցներն օգտագործվեն: Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան, Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947
Կորոնավիրուսի դեմ պայքրի համար բացված հաշվին մարտի 19-ի (ժամը 14:30) տվյալներով փոխանցվել է 100 մլն դրամ։ Այդ մասին տեղեկացրել է ֆինանսների նախարարությունը։
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 19-ի ցերեկվա դրությամբ երկրում վարակի 122 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից