ՀՀ ամբողջ տարածքում առևտրային վայրերում կարգելվեն տնտեսական գործունեության որոշ տեսակներ՝ բացառությամբ ներկայացված վայրերում պարենային ապրանքների վաճառքով զբաղվող օբյեկտների, դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների, հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:
Նա նշել է, որ սահմանափակումները կգործեն երկրի ամբողջ տարածքում բարերի, կինոների և տեսացուցադրման վայրերի, շահումով խաղերի, սպորտի, զվարճությունների վայրերի վրա:
Սիմոնյանի խոսքով՝ սահմանափակումները չեն տարածվի սրճարանների գործունեության վրա, նաև ինտերնետի միջոցով իրականացվող շահումով խաղերի և վիճակախաղերի:
Նա հայտնել է, որ նշված սահմանափակումները կարող են գործել մինչև արտակարգ իրավիճակի ավարտը, չի բացառվում նաև, որ կախված իրավիճակից` դրանք ավելի շուտ վերացվեն:
Անդրադառնալով բեռնափոխադրումներին՝ փոխնախարարը նշել է, որ դեպի Վրաստան ներմուծման դեպքում, երբ վարորդը գալիս է բարձր ռիսկային գոտուց, չի թույլատրվում մտնել այդ երկրի տարածք, և վարորդին փոխարինում են: Տարանցիկ փոխանցումներն իրականացվում են հսկողության ներքո:
Իրանի հետ բեռնափոխադրումն իրականացվում է հատուկ ընթացակարգով՝ երկու երկրին անհրաժեշտ ապրանքների համար սահմանափակումներ չկան, իսկ ցանկը վերանայվում է ամենօրյա ռեժիմով:
Օդային տրանսպորտի միջոցով իրականացվող ներկրումների վրա որևէ սահմանափակում չկա:
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 23-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 194 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից