«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մինչև ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված արտակարգ դրության ավարտը ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների՝ վճարման չկատարման դեպքում գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից, հայտնում են ընկերությունից:
«Մարտի 26-ի դրությամբ՝ հանրապետության բնական գազի սպառման կառուցվածքում բնակիչ-բաժանորդներին փետրվար հաշվարկային ամսին մատակարարված գազի դիմաց պարտքը կազմում է մոտ 4.8 մլրդ դրամ, որից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակում ընդգրկված բնակիչ-բաժանորդների պարտքը կազմում է 315 մլն դրամ»,- ասվում է հայտարարության մեջ:
«Գազպրոմ Արմենիայից» հայտնում են նաև, որ մատակարարված բնական գազի դիմաց պարտքի գումարային առումով 93,4%-ը չի վերաբերում սոցիալապես անապահովներին, մինչդեռ փետրվար ամսին մատակարարված գազի դիմաց չվճարող որոշ բնակիչ-բաժանորդների պարտքը կազմում է մինչև 900,000 դրամ:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով արտակարգ դրության պատճառով քաղաքացիներին արտոնություն տալու մասին, հայտնել էր, որ օժանդակությունը պետք է լինի հասցեական՝ ուղղված մարդկանց, ովքեր իսկապես ունեն դրա կարիքը:
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 27-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 329-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 39-ով: Ապաքինվել է 28 անձ, մեկը մահացել է:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից