Ապրիլի 13-ի դրությամբ ՀՀ-ում վարկային արձակուրդ է տրամադրվել 320,000 ֆիզանձի՝ մոտ 12 մլրդ դրամի չափով, և 6600 իրավաբանական անձի՝ 28 մլրդ դրամի չափով, հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ ապրիլի 15-ին Կառավարության հետ հարցուպատասխանի օրն այս թեման առավել մանրամասն կքննարկվի։
Փախվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշել է, որ աշխարհում, ինչպես նաև ՀՀ-ում, տնտեսական ճգնաժամ է, և ամեն ինչ արվում է թիրախային օժանդակություն տրամադրելու ուղղությամբ։
Կառավարությունը սոցիալական և տնտեսական աջակցության 11 ծրագիր է նախատեսել՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու համար։
Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Հայաստանում ապրիլի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 26 նոր դեպք է գրանցվել, վարակման ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1039-ի: Ապաքինվել է 211 անձ, 14 հոգի մահացել է։
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից