Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին, 2-րդ և 3-րդ միջոցառումների պահանջները՝ բարվոք հարկային պատմություն ունենալու մասով մեղմվել են, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը` հղում անելով Կառավարության համապատասխան որոշմանը։
Կառավարության ներկայացրած 3 միջոցառումը վերաբերում է բիզնեսին և տնտեսվարողներին, որոնք կարող են արտոնյալ վարկային միջոցների ներգրավմամբ շարունակել իրենց գործունեությունը։
«Ծրագրերի շահառու կարող են հանդիսանալ ոչ միայն այն տնտեսվարողները, որոնց դիմումների ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, այլ նաև այն տնտեսվարողները, որոնք 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չեն ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն: Այսինքն, հնարավոր է՝ տնտեսվարողը տարվա ընթացքում հարկերը վճարելու հետ կապված խնդիրներ է ունեցել, սակայն անկախ այդ հանգամանքից, եթե նա տարին փակել է առանց հարկային ապառքների, կարող է դիմել այս ծրագրերին և օգտվել արտոնյալ վարկերից»,- գրել է Թունյանը:
ՀՀ-ում կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու համար Կառավարությունն առաջարկել է 12 ծրագիր՝ ուղղված տնտեսվարողներին և սոցիալական խնդիրներ ունեցած քաղաքացիներին։
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից