AM
15 April 2020 - 15:52 AMT

Փոխվարչապետը՝ «Գազպրոմի» նամակի մասին․ Շփումները կլինեն կառավարությունների մակարդակով

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ստացել է ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավարությանն ուղղված նամակի պատասխանը։ Այդ մասին փոխվարչապետը տեղեկացրել է ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։

«Ստացել եմ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին հասցեագրված նամակիս պատասխանը։ Նամակում ասվում է, որ հարցի վերաբերյալ կոնտակտները կլինեն կառավարությունների մակարդակով»,- ասել է նա։

Մհեր Գրիգորյանը հավելել է, որ նամակում ասվում է, որ «Գազպրոմը» հարցը պահում է իր ուշադրութան կենտրոնում:

«Գազի 135-165 դոլարի խնդիր, այո, կա: Դա առանցքային խնդիր է՝ հայտ ներկայացնելու հետ կապված ընդհանրապես, որովհետև կարող է պատահի, եթե այդ խնդիրը չլիներ, հայտի անհրաժեշտությունը ևս չլիներ»,- ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Եթե համարում ենք, որ կլինի գնային տարբերություն, ապա դա պետք է չեզոքացնենք սահմանին, ինչը հիմա փորձում ենք անել», – ասել է փոխվարչապետը:

Նա հավելել է նաև, որ հայտ ներկայացնելու մեջ կա ներդրումների լուրջ կոմպոնենտ, որը նույնպես պետք է դառնա հասարակական գնահատականի առարկա:

Ավելի վաղ Գրիգորյանը կառավարության անունից ՀՀ մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու առաջարկով նամակ էր ուղղել «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին։ Ապրիլի 2-ի ՀԾԿՀ-ն ստացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը։