AM
3 June 2020 - 11:05 AMT

Covid-19-ի կոլեկտիվ իմունիտետ եվրոպական ոչ մի երկիր դեռ չի ձևավորել

Եվրոպական ոչ մի երկիր դեռևս չի զարգացրել Covid-19-ի դեմ կոլեկտիվ իմունիտետ: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի բյուրոյի արտակարգ իրավիճակների գծով ավագ մասնագետ Քեթրին Սմոլվուդը:

«Եվրոպական երկրների մեծամասնությունը դեռ շարունակում է արձանագրել կորոնավիրուսի նոր դեպքեր… Կարելի է ասել՝ չկա երկիր, որին կարելի է հայտարարել որպես իմունիտետ ձևավորած պետություն»,- նշել է Սմոլվուդը՝ ավելացնելով, որ Իտալիայում վիրուսի տարածումն այս պահին վերահսկելի է:

Կոլեկտիվ իմունիտետ չի ձևավորվել նաև եվրոպական երկրներից Շվեդիայում, որը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում տոտալ կարանտինային սահմանափակումներ չմտցրեց: Այստեղ վարակվածների թիվը անցնում է 38 հազարից:

Հունիսի 2-ի դրությամբ, ըստ ԱՀԿ-ի, Եվրոպայում գրանցվել է 1,975,341 դեպք, որից 423,741-ը՝ Ռուսաստանում, 332-ը՝ Մեծ Բրիտանիայում, 239,638՝ Իսպանիայում, 233,197՝ Իտալիայում և 182,028-ը՝ Գերմանիայում: Աշխարհում կորոնավիրուսի տարածվածությամբ առաջին տասնյակում են Իտալիան, Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան:

Վարակի՝ օրգանիզմ թափանցելուց հետո դրանում արդադրվում են հակամարմիններ, որոնք հաջորդ անգամ ներթափանցելու դեպքում արդեն ճանաչում են վարակը և դիմակայում դրանց: Հակամարմիններն օգտագործվում են նաև հիվանդությունների դեմ պատվաստանյութեր ստեղծելիս: Աշխարհում տարբեր լաբորատորիաներ զբաղվում են Covid-19-ի դեմ ձևավորված հակամարմինների և դրանց արդյունավետության ուսումնասիրմամբ: Որոշ երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Չեխիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Շվեիդան պատրաստվում են հակամարմինների զանգվածային թեստավորում անցկացնել: