AM
9 June 2020 - 08:20 AMT

ԵԱՏՄ-ում սահմանափակումների մեղմման մասին քննարկումներ կան

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն աստիճանաբար կայունանում է, նախատեսվում է քննարկել Եվրասիական տարածքում սահմանված սահմանափակումների մեղմացումը, այդ թվում՝ բնակչության ազատ տեղաշարժի աստիճանական վերականգնման պայմանները:

Հունիսի 8-ին ԵԱՏՄ անդամ երկրների բնակչության Սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհուրդը համաձայնեցրել է կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների համալիր պլանի նախագիծը, հայտնել են Ռոսպոտրեբնադզորից, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Քննարկվել է ԵԱՏՄ երկրներում վարակի տարածման հետ կապված իրավիճակը և համաձայնեցրել միջոցառումների ծրագրի նախագիծը։ Այն կքննարկվի ԵՏՀ կոլեգիայի առաջիկա նիստում, այնուհետև կհաստատվի Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից:

Նշվում է, որ ղեկավարների խորհրդի նիստն անցկացվել է Ռոսպոտրեբնադզորի տնօրեն, Ռուսաստանի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Աննա Պոպովայի նախագահությամբ: Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները:

Նշվում է, որ համալիր ծրագիրը միտված է ինչպես ընթացիկ համաճարակաբանական իրավիճակի կարգավորմանը, այնպես էլ ԵԱՏՄ երկրներում համավարակի վերածվելու ներուժ ունեցող այլ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու արձագանքմանը:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ողջ աշխարհում սահմանափակվել է տեղաշարժը, սահմանափակումներ են գործում նաև տնտեսական ոլորտներում։ ԵԱՏՄ անդամ երկրներն են՝ ՀՀ-ն, ՌԴ-ն, Ղազախստանը, Ղրըղզստանը, Բելառուսը։ ԵԱՏՄ անդամ երկրներից վարակվածների ամենամեծ թիվը ՌԴ-ում է, այնտեղ 476,000-ից ավելի վարակված կա։