«Լիդիան Արմենիան» մտադիր է վերսկսել աշխատանքներն Ամուլսարում։ Այդ մասին ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ։
Հերքելով ընկերության գործունեության և Ամուլսարի ծրագրի ապագայի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները, ընկերությունը հայտարարել է, որ Ամուլսարի ծրագիրը շարունակում է մնալ «Լիդիան Արմենիայի» 100% սեփականությունը։
Իրավաբան-ակտիվիստ Նազելի Վարդանյանն ԱԺ Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերով գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստին հայտարարել էր, որ «…հավանաբար շուտով զրոյացվի Ամուլսարի հանքն իրենց (ընկերության) հաշվեկշռում»:
Նշվում է, որ ընկերությունը շարունակում է տիրապետել հանքի շահագործման բոլոր իրավունքներին և ծրագրում է վերսկսել աշխատանքներն Ամուլսարում՝ ավարտին հասցնելով հանքի շինարարությունը:
ՀՀ առաջին ատյանի դատարանը Նազելի Վարդանյանի կողմից «Լիդիան Արմենիայի» վերաբերյալ նախկինում արված հայտարարությունները որակել է զրպարտություն և պարտավորեցրել հերքել դրանք:
Ամուլսարի հանքի շուրջ տարիներ տևող բանավեճերում բնապահպանները համոզված են, որ դրա շահագործումը կարող է էկոլոգիական աղետ լինել ՀՀ-ի և մասնավորապես հանքի տարածքում գտնվող բնակավայրերի համար։ Հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաները պարբերաբար ակտիվանում են։ Այդպես եղավ 2018-ի հուլիսին, 2019-ի սեպտեմբերին, երբ ակիվիստները շրջափակել էին Ամուլսար տանող ճանապարհը։ Ներկայումս հանքը շարունակում է մնալ չշահագործված։