AM
15 June 2020 - 07:49 AMT

Փաշինյան․ Ջավադյանը կներգրավվի տնտեսական քաղաքականության մշակման մեջ

ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանի հետ կան որոշակի պայմանավորվածություններ հետագա գործունեության առումով, նա կներգրավվի տնտեսական քաղաքականության մշակման գործում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը Կենտրոնական բանկում նոր նախագահ Մարտին Գալստյանին ներկայացնելու ժամանակ անդրադարձել է նաև կառույցի՝ արդեն նախկին ղեկավարի հետ հետագա համագործակցությանը։

«Ջավադյանը ներգրավված կլինի տնտեսական քաղաքականության մշակման, տնտեսական հարցերի վերլուծության և նաև մեր միջազգային տնտեսական ոլորտի մասնագետների ներգրավմամբ Հայաստանում որոշակի պրոցեսներ հարուցելու գործին: Ունենք կոնկրետ նախագծեր, և դրանց իրագործումն իսկապես շատ մեծ հաջողություն կլինի ՀՀ-ի և ՀՀ տնտեսական մտքի զարգացման առումով»,-ասել է Փաշինյանը:

Փաշինյանը Կառավարության՝ հունիսի 11-ի նիստում ասել էր, որ Ջավադյանի ղեկավարման տարիներին ԿԲ-ն իրեն դրսևորել է որպես գործունակ կառույց՝ ապահովելով ֆինանսական համակարգի և գների կայունությունը ՀՀ-ում։

2020-ի ապրիլին ԱԺ-ն կողմ էր քվեարկել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանին նշանակելուն։ Ջավադյանը ԿԲ ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2008-ից։ Նա մեկ անգամ վերընտրվել է այդ պաշտոնում 2014-ին։