AM
17 June 2020 - 10:02 AMT

ՌԴ-ում կորոնավիրուսի նոր դեպքերը մայիսի 1-ից ի վեր առաջին անգամ 8000-ից պակաս են

Ռուսաստանում հունիսի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 7 843 նոր դեպք է գրանցվել։ Մայիսի 1-ից ի վեր առաջին անգամ այդ ցուցանիշը 8000-ից պակաս է։

Ընդհանուր առմամբ, վարակի 553,301 դեպք է գրանցվել, մահացել է 7478 հիվանդ՝ նախորդ օրվա համեմատ 194-ով ավելի, գրում է «Վեդոմոստին»։

Մեկ օրում ապաքինվել է 10,036 հիվանդ, բուժումը շարունակում է 241,481 մարդ։ Համաճարակի բռնկումից ի վեր ապաքինվել է 304,342 հիվանդ։

Վարակի դեպքերի 37,9%-ը բաժին է ընկնում Մոսկվային։ Քաղաքում 209,745 դեպք է գրանցվել, որից 1065-ը վերջին 24 ժամում։ Հունիսի 17-ի դրությամբ մայրաքաղաքում մահվան ելքով 48 նոր դեպք է եղել, իսկ ընդհանուր առմամբ 3 434 մահ է գրանցվել։ Ապաքինվել է 128,385-ը։

Աշխարհում, ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի, կորոնավիրուսով վարակ է հայտնաբերվել ավելի քան 8․1 մլն մարդու մոտ, որից 2․1 մլն-ն՝ ԱՄՆ-ում։ Երկրորդ տեղում Բրազիլիան է՝ ավելի քան 923,000 դեպքով։ Աշխարհի 188 երկրում կորոնավիրուսից 443,000 մարդ է մահացել։