Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից թուրք պատգամավոր Վոլքան Բոզքերն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի (ԳՎ) 75-րդ նստաշրջանի նախագահ:
Այդ պաշտոնում առաջին անգամ է Թուրքիայի ներկայացուցիչ ընտրվել, գրում է Ermenihaber-ը։
Քվեարկությունը տեղի է ունեցել հունիսի 17-ին: Առաջադրված միակ թեկնածուն եղել է Թուրքիայի ներկայացուցիչը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բոզքերի անունը նախապես ուղարկվել է ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին՝ միաձայն հավանություն ստանալու համար, սակայն, Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը քվեարկություն են պահանջել Թուրքիայի թեկնածուին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի նախագահ հաստատելու համար։
Բոզքերի թեկնածությանն աջակցել է ՄԱԿ անդամ 178 պետություն, 11-ը ձեռնպահ են մնացել, ևս 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Թուրքիայի ներկայացուցիչը պաշտոնը կզբաղեցնի 2020թ․ սեպտեմբերի 15-ից մինչև 2021թ․ սեպտեմբերը։
Մինչև ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնելը Վոլքան Բոզքերը ղեկավարել էր Թուրքիայի խորհրդարանի միջազգային գործերով հանձնաժողովը, ինչպես նաև 2015-16 թվականներին եղել է Թուրքիայի Եվրամիության գործերով նախարարը և Թուրքիայի եվրաանդամակցության հարցերով գլխավոր բանագնացը: