AM
30 June 2020 - 08:41 AMT

Ահաբեկիչների հավաքագրողները կոչ են անում տարածել Covid-19-ը հասարակական վայրերում

Ահաբեկիչներին հավաքագրողները կոչ են անում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների նոր անդամներին առավելագույնս տարածել կորոնավիրուսը հասարակական վայրերում։ Այդ մասին հայտարարել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը։

«Մինչ պետությունները պայքարում են բժշկական և համաճարակաբանական անվտանգության համար, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների նոր անդամներին հավաքագրողները ոչ միայն օգտագործում են առանց այդ էլ բարդ իրավիճակը, ջիհադի նոր մարտիկներ հավաքագրելով, այլև կոչ են անում հիվանդ անդամներին առավելագույնս տարածել Сovid-19-ը հասարակական վայրերում, պետական հաստատություններում և այլուր»,- ասել է Նովիկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ նման հայտարարություններն առանձին կատեգորիա են բնակչության վրա տեղեկատվական և հոգեբանական ներազդեցության սպառնալիքի առումով։

«Ըստ այդմ, առավել բարվոք վիճակում կլինեն այն պետությունները, որոնք ունեն որակյալ սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն, հիվանդ քաղաքացիների հայտնաբերման և բուժման համար»,- ասել է Նովիկովը։

Կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից ի վեր, ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի՝ աշխարհում վարակի ավելի քան 10 մլն դեպք է գրանցվել, մահվան ելքով դեպքերը 500,000-ից ավելի են։

Վարակակիրների քանակով առաջատարներն են ԱՄՆ-ն, Բրազիլիան և ՌԴ-ն։