AM
22 July 2020 - 13:22 AMT

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Բաթոյանին 200,000 դրամով տուգանել է

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նշանակելով տուգանք 200,000 դրամի չափով՝ փոխնախարար եղած ժամանակ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար, հայտնում են հանձնաժողովից:

Բաթոյանը, ով 2018-ին նույն նախարարությունում նախարարի առաջին տեղակալ էր, 2019-ի հունիսի 21-ին ներկայացրած գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում չի նշել իր եկամուտները:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Բաթոյանի հայտարարագիրն ուսումնասիրվել է «Հետքի» հրապարակումից հետո։

Ի պատասխան բացատրություններ ներկայացնելու Հանձնաժողովի խնդրանքին՝ Բաթոյանը տեղեկացրել է, որ պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պատճառն այն է եղել, որ եկամուտների վերաբերյալ դաշտը նշված չի եղել որպես պարտադիր լրացման ենթակա և համակարգը թույլ է տվել չլրացնել դրանք։

Բաթոյանը խնդրել է իր եկամուտները չհայտարարագրելը դիտարկել որպես զուտ տեխնիկական բացթողում և թույլատրել 2018 թվականի տարեկան հայտարարագրում կատարել ուղղում՝ «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում նշել 7․5 մլն դրամ։

Հանձնաժողովը, սակայն, վերահաստատել է, որ հայտարարագրման ենթակա տվյալները նշելօս բոլոր դաշտերը, առանց որևէ բացառության, պարտադիր են լրացման:

Տուգանքը վճարելուց հետո Բաթոյանին տրամադրվելու է 7 աշխատանքային օր՝ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձնանց 2018 թվականի տարեկան հայտարարագրի «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում համապատասխան ուղղում կատարելու համար: