Վրաստանում ադրբեջանցիների հիմնական բնակավայր Քվեմո Քարթլիի մարզի մի քանի գյուղ փակվել է կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով։ Իրավիճակը բարդացնում է երկու գործոն․ բնակիչները հրաժարվում են թեստավորումից՝ հայտարարելով, որ առողջ են, բացի այդ՝ բազմաթիվ բնակիչներ աշխատում են Լիլոյի շուկայում։ Այս մասին գրում է «Նեզավիսիմայա Գազետան»։
Լիլոյի շուկայի մոտ 1500 առևտրական թեստավորվել է, որոնցից 8-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
3 գյուղի 44 բնակչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Գյուղերում զանգվածային թեստավորման փորձերը հանդիպել են սաստիկ դիմադրության․ հաջողվել է թեստավորել միայն մոտ 200 մարդու։ Բնակիչների վարքը պատճառ է դարձել կարանտինային ռեժիմ սահմանելու և ելումուտի կանոնները խստացնելու համար։ Այս գյուղերի բնակիչները հիմնականում երկրի տարբեր շուկաներում են աշխատում, ինչը նպաստել է այդ վայրերում աշխատողներին ՊՇՌ թեստ անելու որոշմանը։
Համաճարակաբանները չեն բացառում, որ վիրուսն այս շրջան է ներթափանցել հարևան երկրներից մեկից։ Ադրբեջանում Վրաստանի դեսպանության հայտարարությունը հաշվի առնելով՝ կարելի է եզրակացնել, որ խոսքը հենց Ադրբեջանի մասին է։
Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանում գտնվող Վրաստանի քաղաքացիները, առանց Վրաստանի դեսպանության հետ համաձայնեցնելու, չենթարկվելով կանոներին, փորձում են անկազմակերպ վերադառնալ երկիր։ Տարհանումը կիրականացվի աստիճանաբար և նախնական գրանցմամբ։
Հուլիսի 27-ի դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1137 դեպք, մահացել է 16, ապաքինվել՝ 922 մարդ։