ՄՏՍ ընկերությունն առաջինն է ՌԴ-ում 5-րդ սերնդի 5G ցանցի ստեղծման արտոնագիր ստացել։ Համապատասխան որոշումը կայացրել է Ռոսկոմնադզորը։
Արտոնագիրը գործում է ՌԴ 85 տարածաշրջանից 83-ում։ ՄՏՍ-ում արտոնագրի ստացումը «ոլորտի համար պատմական պահ» են համարում։ Այդ մասին հայտարարել է ՄՏՍ-ի նախագահ Ալեքսեյ Կորնյան, գրում է Secretmag.ru-ն։
5G ցանցի առաջին օգտատերերը կդառնան խոշոր ընկերությունները։ Մասնավորապես, նավթագազային հսկաները կկարողանան օգտագործել հինգերորդ սերնդի ցանցերն անօդաչուների միջոցով խողովակաշարերի մոնիտորինգի համար։ Բացի այդ, արդյունաբերական ձեռնարկությունները կկարողանան կառավարել սարքավորումները։
ՄՏՍ-ում հեռանկարային են համարում նաև 5G ցանցի կիրառումը բժշկության ոլորտում՝ հեռավար վիրահատությունների և հիվանդների վիճակի մշտադիտարկման համար, ինչպես նաև այլ ոլորտներում՝ վճարման կենսաչափական համակարգերի և այլն։