Երբ հակամարտող կողմերը չեն ցանկանում պայմանավորվել, միջնորդներն անկարող են որեւէ բան անել: Այդ մասին հայտարարել է Բաքվում ԵԱՀԿ ներկայացուցչության ղեկավար Պիտեր Բուրհարդը` մեկնաբանելով հայ-ադրբեջանական հակամարտության չկարգավորված լինելը ԵԱՀԿ Մինսկի խմբի 8-ամյա խաղաղարար գործունեության ընթացքում: Ինչպես հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները, Բուրհարդի ասելով, խաղաղության հաստատման հետաձգման գլխավոր պատճառը այն է, որ հակամարտող կողմերը չեն ցանկանում փոխզիջումների գնալ: ԵԱՀԿ-ն, շարունակել է նա, միայն կողմերին տանիք կամ շրջանակներ է տրամադրում բանակցություններ վարելու համար: Ընդ որում Մինսկի խմբի համանախագահներն ունեն ոչ թե բանակցողի, այլ միջնորդի մանդատ: Պատասխանելով հակամարտող կողմերից մեկի ոչ կառուցողական դիրքորոշման դեպքում պատժամիջոցներ կիրառելու նպատակահարմարության վերաբերյալ հարցին` Բուրհարդը պատասխանել է, թե այդ առնչությամբ ԵԱՀԿ հնարավորությունները չափազանց սահմանափակ են: Նրա ասելով, այդ կազմակերպությունում բոլոր որոշումները կայացվում են փոխհամաձայնության հիման վրա, սակայն օգտագործվում են այլ նաեւ այլ մոդելներ, օրինակ, «փոխհամաձայնություն` հանած 1» մոդելը, որը կիրառվել է մեկ անգամ Հարավսլավիայի նկատմամբ: Պատասխանելով այն հարցին, թե ինչու 1996 թվականին նման մոդել չկիրառվեց ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման ժամանակ /երբ Հայաստանը վետո կիրառեց ամփոփիչ փաստաթղթի նկատմամբ/, Բուրհարդը պատասխանել է, որ այդ քննարկումներն ունեին իրենց բարդությունները: