Անթույլատրելի է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կորոնավիրուսի համաճարկը և Հայաստանի հետ սահմանին լարվածության աճը օգտագործի որպես արդարացում ոչնչացնելու համար այն, ինչ երկրում մնացել է քաղաքական ընդդիմությունից։ Այս մասին, ըստ Turan.az-ի՝ հայտարարել է Եվրախորհրդարանի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության փոխնախագահ Քաթի Փիրին։
«Հաշվի առնելով Ադրբեջանում իրավիճակի լրջությունը` մենք ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Զոզեպ Բորելին կոչ ենք անում ԵՄ-ի նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պատասխանատու անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության բռնաճնշումների և ռեպրեսիաների համար»,- ասել է պատգամավորը։
Պատգամավորի խոսքով՝ խախտվում է Ադրբեջանի օրենսդրությունը և երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները, երբ ձերբակալվածներին արգելվում է շփվել փաստաբանների և ընտանիքների հետ:
Բաքվում «Ղարաբաղի ազատագրում» պահանջող հուլիսի 15-ի ցույցին մասնակցելու պատրվակով ձերբակալվել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության անդամներին։ Նրանց մեծ մասին քրեական մեղադրանք է առաջադրվել։ Ձերբակալվածների թվում է նաև կուսակցության ղեկավար խորհրդի 4 անդամ։
«Մենք անհանգստացած ենք Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Ֆուադ Ղահրամանլիի նկատմամբ դաժան խոշտանգումների մասին հաղորդումների առթիվ: Ղահրամանլին այն տասնյակ ընդդիմադիր գործիչներից է, որոնք ձերբակալվել են Ալիևների ռեժիմի կողմից` պետական հեղաշրջում պլանավորելու շինծու մեղադրանքով, իսկ Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին ներկայումս անօրինականորեն գտնվում է տնային կալանքի տակ»,- նշել է նա։
Փերին արձանագրել է, որ իշխանությունների նմանատիպ գործողություններն ընդդիմադիրներին ահաբեկելու, նրանց հետապնդելու ու ձերբակալելու մոդելի մասն են։ Դրանք հրահրում է Ադրբեջանի նախագահը, որն իր ելույթներում բազմիցս ընդդիմությանը անվանել է «հինգերորդ շարասյուն» և «դավաճաններ»:
Կարդացեք նաև՝ «Ալիևները հուլիսի 15-ի ցույցը որպես ընդդիմադիրներին ձերբակալելու առիթ են օգտագործում»