ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի բացառում Բելառուսի դեմ պատժամիջոցներ սահմանելու հավանականությունը, սակայն որոշում դեռ չի կայացվել։
«Վստահ եմ, որ մենք կքննարկենք այդ ամենը, կարևոր է չափանիշներ սահմանել։ Ինչը, մեր կարծիքով, մենք կարող ենք անել ոչ թե միայն միակողմանի, միայն ԱՄՆ-ն, այլև բազմակողմ ձևաչափով՝ լավ արդյունք ունենալու համար Բելառուսի ժողովրդի համար, լինեն դրանք պատժամիջոցներ, թե արտադրանքի առաքում։ Այդ ամենը դեռ պետք է որոշել»,- ասել է նա Free Europe ռադիոյին տված հարցազրույցում, գրում է Interfax-ը։
Ըստ Պոմպեոյի՝ դեռ վաղ է որոշում կայացնել, պետք է տեսնել, թե ինչ զարգացումներ կլինեն Բելառուսում։
Բացի այդ, ԱՄՆ-ն դատապարտում է բռնությունը խաղաղ ցուցարարների դեմ։
Օգոստոսի լույս 13-ի գիշերը Մինսկում համեմատաբար խաղաղ է անցել՝ առանց կոշտ դիմակայության, որը կար նախորդ օրերին։ Բախումների պատճառը ցուցարարների անհամաձայնությունն է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հետ, որոնց համաձայն 80.08%-ով վերընտրվել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա հիմնական հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան հավաքել է 10.9%։ 3 օրում ավելի քան 6000 ցուցարար է ձերբակալվել, հիվանդանոցներում ավելի քան 250 հիվանդ կա, մեկ մարդ զոհվել է։