ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ԵԱՏՄ անդամ երկրների աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը։
Ըստ համաձայնագրի՝ աշխատավորը չի կարող կենսաթոշակի նշանակման մերժում ստանալ ԵԱՏՄ այլ երկրում բնակության հիման վրա։
Կենսաթոշակի չափը չի կարող նվազեցվել, վճարումը չի կարող կասեցվել կամ դադարեցվել ԵԱՏՄ մեկ այլ անդամ պետության տարածքում թոշակառուի կամ նրա ընտանիքի անդամի, բնակության հիման վրա, գրում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթուղթը կոչված է ապահովելու աշխատավորների հավասար իրավունքները ԵԱՏՄ տարածքում կենսաթոշակային ապահովման ոլորտում, ինչպես նաև զարգացնելու գործակցությունն այդ ուղղությամբ:
Ըստ ՌԴ կառավարության գնահատման՝ փաստաթղթի իրացումը լրացուցիչ միջոցներ չի պահանջի, այն կիրականացվի ՌԴ Կենսաթոշակային հիմնադրմի ընդհանուր ծավալների սահմանում։
Համաձայանգիրը ստորագրվել էր 2019-ի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և ՌԴ ղեկավարների կողմից։ Դրա հիմնական նպատակն է աշխատավորների կենսաթոշակային իրավունքների ձևավորումը, պահպանումը և իրականացումը նույն պայմաններով և նույն կարգով, ինչպես և աշխատանքի տեղավորման պետության քաղաքացիների համար, աշխատավորների կենսաթոշակների նշանակման և արտահանման հետ կապված հարցերի լուծումը, ինչպես նաև անդամ պետությունների միջև կենսաթոշակային ոլորտում համագործակցության զարգացումը: