AM
22 August 2020 - 07:05 AMT

Լիբանանցիներն անտուն մնացած բեյրութցիներին տանիք են առաջարկում

Հարյուրավոր լիբանանցիներ սոցիալական մեդիայի միջոցով անտուն մնացած բեյրութցիներին տանիք են առաջարկում, հայտնում է Reuters-ը։

Օգոստոսի 4-ի պայթյունի հետևանքով 250,000-ից 300,000 մարդ անօթևան է մնացել։

Նրանք օգտագործում են #OurHomesAreOpen («Մեր տան դռները բաց են») հեշթեգն արաբերենով և անգլերենով՝ հայտարարելու համար, որ պատրաստ են տրամադրել համապատասխան տարածք կամ մահճակալ։ Դրանից հետո անօթևան մնացածները կապվում են նրանց հետ և ներկայացնում համապատասխան կարիքները։

Բացի այդ, օգտագործվում է նաև ThawraMap հարթակը, որն ի սկզբանե նախատեսված է եղել ցույցերի վայրերի մասին տեղեկություն տալու համար։ Հիմա այդ հարթակում երևում են՝ որտեղ ազատ մահճակալներ կան։

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուններ են եղել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։